Հայաստանի Բանկերի Միություն
Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը
Վերջերս Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ազգային ժողովում նեկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ Նախագիծ)՝ երաշխավորության ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Նախագիծն անդրադառնում է պարտատիրոջ ու երաշխավորի միջև հարաբերություններին. մասնավորապես՝ իմպերատիվ արգելվում է երաշխավորների լայն շրջանակի համապարտ պատասխանատվության ինստիտուտը և կիրառվում է սուբսիդիար պատասխանատվություն, երբ ենթարդվում է, որ բանկը կարող է երաշխավորից ակնկալել վճարումներ այն դեպքում, երբ սպառվել են պարտապանից գումարը գանձելու բոլոր հնարավոր միջոցները: Վերջինս գործնականում էապես բարդ կիրառելի կամ կիրառելի չէ, ինչի հետևանքով շատ դեպքերում կորում է երաշխավորության ինստիտուտի իմաստը։ Նախագծով ներկայացվում են նաև երաշխավորի հետ այլ հարաբերություններ, օրինակ՝ երաշխավորության առավելագույն գումարի, երաշխավորության ժամկետի ամրագրման պարտադիր պահաջ և այլն, որոնք կամ ինքնանպատակ են, կամ դրանց կիրարկումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով առկա անորոշությունները։
Վարկավորման գործընթացներում երաշխավորության ինստիտուտն ունի ռազմավարական նշանակություն և առաջին հերթին վերաբերում է առավել ցածր վարկունակ հաճախորդների սպասարկման ճկունությանը և համեմատաբար փոքր վարկերի սպասարկմանը: Հետևապես, պետք է ամրագրել, որ երաշխավորման գործունեությունը ՀՀ բանկային համակարգում ունի նաև սոցիալական ուղղվածություն` նկատի ունենալով նաև ՀՀ-ում արդեն ավելի քան մեկ տասնամյակ ձևավորված ու կայացած երաշխավորման ինստիտուտի կիրառման պրակտիկան:
Միջազգային փորձը նույնպես վկայում է, որ բանկային վարկերի երաշխավորման գործունեությունն առաջին հերթին վերաբերում է սոցիալապես խոցելի խմբերին, որոնք չունեն համապատասխան եկամուտներ, վարկային պատմություն և ցածր սքորինգ: Այս գործիքը մասնավորապես օգնում է օրինակ` աշխատանք չունեցող կամ առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդների ուսման վարկավորմանը, երբ որոշ ֆիզիկական անձինք կամ գործատուները տալիս են վարկավորման երաշխավորություն: Այս գործիքը կարող է վերաբերել նաև սթարթափերի նախնական փոքր ֆինանսավորումներին, գյուղատնտեսության մեջ ինքնազբաղվածներին և այլն:
Նախագծով հարված է հասցվում վերը ներկայացված գործունեության կայունությանը:
Իրականացվող փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է երաշխավորման ինստիտուտի կիրառումը, իսկ կիրառված դեպքերում գրեթե անհնարին է դառնում երաշխավորից բավարարում ստանալու հնարավորությունը, որը բերելու է այդ ինստիտուտի ոչ լիարժեք կիրառմանը:
Նախագծի ընդունման հիմնավորումներից է այն պնդումը, թե անձինք ստանձնում են պարտապանների երաշխավորությունը, քանի որ չեն պատկերացնում հնարավոր իրավական հետևանքների մասին:
Անընդունելի եմ համարում երաշխավորության ինստիտուտի մեջ համապարտ պատասխանատվության սահմանափակումը, քանի որ վերջինս հակասում է քաղաքացիաիրավական օրենսդրության մի շարք սկզբունքներին, մասնավորապես քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավասու է իր կողմից կնքվող գործարքում որոշելու իր պատասխանատվության սահմանները:
Ինչ վերաբերվում է նրան, որ երաշխավորներից ոմանք չեն պատկերացնում հնարավոր իրավական հետևանքների մասին, ապա պետք է նշել, որ չի կարելի հարցը կարգավորել` քաղաքացիներին իրենց այդ իրավունքից զրկելով:
Նշված իրավիճակում կարելի է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ազգաբնակչության ֆինանսական/իրավական գրագիտության բարձրացմանը: Վերջին տարիներին շարունակաբար կատարվել են մի շարք բարելավումներ, որոնք ուղղված են եղել բարձրացնելու երաշխավորների իրազեկվածությունը, նպատակուղղված են եղել հրավիրելու նրանց ուշադրությունը կքնվող պայմանագրերին, դրանց պայմաններին և իրենց կողմից ստանձնվող պարտավորություններին (oր. Կանոնակարգ 8/06-ի կարգավորումները):
Թեև նախագիծը ներկայացվել է, որ երաշխավորների շահերի պաշտպանության նպատակ է հետապնդում, սակայն առաջարկվող փոփոխությունը անբարենպաստ հետևանքներ է ունենալու, ոչ միայն վարառուների, այլ նաև հենց երաշխավորների համար:
Նախագիծը էապես բարդացնում և աղավաղում է երաշխիքի ինստիտուտը. բացի մի շարք անհամաչափ տեխնիկական խնդիրներից, կտրուկ թուլացվում է վարկավորման երաշխիքը, որի արդյունքում վերը նշված խոցելի վարկառու հաճախորդները ֆինանսների հասանելիության խնդիր կունենան:
Ինչ վերաբերվում է երաշխավորներին, ապա Նախագծով պարտադրվող գործընթացը` պարտատիրոջ դեմ դիմել դատարան, մինչ երաշխավորի դեմ հայց ներկայացնելը, ապա մինչև դատական գործընթացի ավարտը երաշխավորի փաստացի պարտավորության գումարը կարող է էապես աճել՝ պարտատիրոջ կրած դատական ծախսերի, երաշխավորությամբ ապահովված պարտավորության նկատմամբ կիրառվող տույժերի, այլ կիրառելի վճարների հաշվին, որոնք հետագայում կներառվեն երաշխավորին ներկայացվող պահանջի ընդհանուր գումարի հաշվարկում։
Նախագծով մեծ վնաս է հասցվում նաև վարկավորման մի շարք գործիքակազմերին: Մասնավորապես, միջազգային լավագույն փորձով ընդունված է անձի ֆինանսական հնարավորության և հեղինակության գնահատմամբ անգրավ ֆինանսավորումների իրականացումը: Միայն երաշխավորությամբ ֆինանսավորման տարբեր գործիքների կիրառման ինստիտուտը ՀՀ-ում զարգացման փուլ էր ապրում, մասնավորապես ֆակտորինգային ֆինանսավորման գործիքակազմում, իսկ նման օրենսդրական կարգավորման արդյունքում բանկերը ստիպված կլինեն նվազեցնել կամ նույնիսկ հրաժարվել նմանատիպ, ինչպես նաև մի շարք այլ գործիքակազմերից, ինչը կտրուկ ֆինանսական ազդեցություն կունենա թե՛ տնտեսվարողների և թե՛ երկրի տնտեսության վրա:
Վերը նշված պատճառներով, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել վարկավորման տոկոսադրույքների բարձրացման, պարտավորության ապահովման միջոցների նկատմամբ սահմանվող պահանջների խստացման և այլ անբարենպաստ հետևանքների։
Հաշվի առնելով, որ Նախագիծն էապես թերի է և հաշվի չեն առնվել պրակտիկ խորքային ռիսկերն ու խնդիրները, առաջարկում ենք նախքան հաջորդ ընթերցումները, Ազգային ժողովում գործող հանձնաժողովներում վերադառնալ նախագծի քննարկմանը և նախագիծը համապատասխանեցնել իրական պահանջներին այնպես, որ չլինեն չհամակարգված ու միակողմանի փոփոխություններ, որոնք միարժեքորեն կհարվածեն վարկավորման ներառականությանն ու ճկունությանը: ՀՀ բանկերի համապատասխան մասնագետները պատրաստ են մասնակցել քննարկումներին` հստակ լուծումների առաջարկներով:
Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունները պետք է էլ ավելի հեշտացնեն իրավահարաբերությունների նորմատիվ կարգավորումը, այլ ոչ թե դրանք բարդացնեն կամ կարգավորումից հանեն: